3 փետրվարի 2023 - 16:34 AMT
Գյուլումյանը` Լավրովի խոսքերի մասին. Պետք է օգտվենք ՄԻԵԴ որոշումներից, ՄԱԿ-ի բանաձևերից

ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի վերջին հայտարարությանը, ասել է, որ հայկական կողմը պետք է կարողանա օգտվել ՄԻԵԴ նախկին որոշումներից, ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերից։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրող Դմիտրի Կիսելյովին հարցազրույցում հայտարարել է, թե «ՀՀ-ն երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանը, իսկ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձել է»:

«Օկուպացիայի մասին Լավրովի երեկվա հայտարարությունը, ընդհանրապես բոլոր այդ հայտարարությունները, ըստ էության, ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ, դա Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հայաստանի գործով կայացված վճիռն է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա հիշեցրել է, որ այդ որոշմամբ Եվրոպական դատարանն արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հիմքով ճանաչվեց Հայաստանի իրավազորությունը և ոչ թե տարածքների օկուպացված լինելու առումով։

«Այսինքն մենք իրականացնում էինք, ըստ Եվրոպական դատարանի, որոշակի արդյունավետ իրավազորություն, բայց չէինք օկուպացրել այդ տարածքները, օկուպացիայի մասին որևէ բառ չեք հանդիպի այդ որոշման մեջ այն դեպքում, երբ որ Եվրոպական դատարանում և մեկ, և մյուս մոտեցումը կա։ Սա մեկ միջազգային փաստաթուղթ, որի վրա մենք միշտ հանգիստ կարող ենք հենվել ու ասել, որ այստեղ որևէ օկուպացիա չկա»,- ասել է Գյուլումյանը։

Նրա խոսքով, այսօր պետք է կարողանալ օգտվել նախկին որոշումներից և ոչ միայն Եվրոպական դատարանի, նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերից, որոնք որևէ ձևով այդ տարածքի նկատմամբ, այսպես ասած Հայաստանի կողմից, որևէ օկուպացիա չեն ճանաչել, ավելին՝ ճանաչել են, ինչ-որ մի տեղ, կարելի է ասել, դրա անհրաժեշտությունը որպես Հայաստանի հետ Արցախի միացման։

«Մենք չենք փորձում հիմնավորել, որ Արցախի հարցը լինելով հայ-ադրբեջանական հակամարտությունը, Հայաստան-Ադրբեջան հակամարտություն չէ և Հայաստանի օժանդակությունը, չնայած մենք ի սկզբանե սխալներ ենք թույլ տվել, հենց թեկուզ հրադադարի պայմանագիրը Հայաստանի կողմից նույնպես ստորագրելով, համենայնդեպս մենք պետք է կարողանաք հիմնավորել, որ դա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն չէ, Հայաստանը չի կարող փոխարինել Արցախի ժողովորդին, չի կարող արտահայտել նրա կամքը, կարող է ընդամենը սատար կանգնել նրանց ինքնորոշման իրավունքին»,- ասել է Գյուլումյանը։

Ազգային ժողովում ընթանում են «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված հանրային լսումները, որտեղ քննարկվում է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը: