3 փետրվարի 2023 - 17:16 AMT
Մակունցը Միջին Արևելքի ինստիտուտի նախագահին է ներկայացրել Լաչինի միջանցքում շարունակվող ճգնաժամը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Միջին Արևելքի ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ հանդիպմանը ներկայացրել է Լաչինի միջանցքում շարունակվող ճգնաժամը, տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների և տարածաշրջանում խաղաղության օրակարգը, անվտանգային իրադրությունը Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Հանդիպմանը մասնակցել են նաև ինստիտուտի ավագ փոխնախագահ Քեյթ Սիլին, Frontier Europe ծրագրի ղեկավար Յուլիա Ժոժան, Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Մամուկա Ծերեթելին և նախագահի օգնական Թոմաս Հալվորսենը։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։