3 փետրվարի 2023 - 19:05 AMT
Վրաստանը կողջունի ՌԴ հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը

Վրաստանի իշխանությունները կողմ են արտահայտվել ՌԴ հետ ուղիղ ավիահաղորդակցման վերականգնմանը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի իշխող «վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով, որ Թբիլիսին միայն կողջունի Մոսկվայի նման որոշումը։

«Ինչ վերաբերում է թռիչքների վերսկսմանը, ապա դա ՌԴ կողմից կիրառված պատժամիջոց է։ Եթե ՌԴ-ն հանի միակողմանի պատժամիջոցը, մենք դա կողջունենք ի շահ մեր քաղաքացիների և հայրենակիցներին»,-ասել է Կոբախիձեն, գրում է Interfax.ru-ն։

Նա հակադարձել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի այն հայտարարությանը, թե «տանգոյի համար երկուսն են հարկավոր»՝ նշելով, որ Վրաստանի հետ ավիահորթակցությունը կասեցնելու մասին որոշումը ՌԴ-ն 2019-ին միայնակ է ընդունել։

«Եթե նրանք չեղարկեն այդ պատժամիջոցը, դա կլինի նրանց որոշումը։ Մենք ողջունում ենք , քանի որ դա բխում է մեր քաղաքացիների շահերից։ Սա է մեր դիրքորոշումը և այն պարզ է»,-ասել է Կոբախիձեն։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ հուսով է, որ ՌԴ-ն շուտով կկարողանա վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ: Նա նշել է, որ հարգանքի է արժանի է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու Վրաստանի դիրքորոշումը: