4 փետրվարի 2023 - 11:08 AMT
5 անձ է ձերբակալվել կաշառքով զորակոչիկին ծառայությունից տարկետում տրամադրելու համար

5 անձ է ձերբակալվել կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու փաստով։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրվարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ք. Ա.-ն և Ա.Պ.-ն իրենց որդուն՝ Ռ. Պ.-ին, բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար դիմել են ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ին և նախնական համաձայնության են եկել՝ այդ նպատակով վերջինիս կաշառք տալու հարցում, հայտնում է ՀԿ-ն։

Հանձնաժողովի պաշտոնյան, ունենալով զինապարտների պիտանելիության վերաբերյալ եզրակացություն տալու լիազորություն, Ռ. Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար, Ք. Ա.-ից 2022 թվականի նոյեմբերի 23-ին պահանջել է խոշոր չափերով՝ 1,777,185 դրամ գումարին համարժեք 4500 դոլար կաշառք: Այնուհետև Ք. Ա.-ն և իր ամուսինը՝ Ա. Պ.-ն, վերջինիս եղբոր և հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ի ամուսնու օժանդակությամբ, պահանջված կաշառքի գումարը 2022-ի նոյեմբերի 27-ին տվել են Ք. Տ.-ին:

Փետրվարի 3-ին Ք. Տ.-ն, Ք. Ա.-ն, Ա. Պ.-ն և նրանց օժանդակած անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ: