4 փետրվարի 2023 - 12:27 AMT
Գյումրիում սահադաշտ է բացվել

Փետրվարի 3-ին Գյումրիում, վերակառուցվող Բարեկամության այգու տարածքում, տեղի է ունեցել սահադաշտի պաշտոնական բացումը: Այգու հյուրերի համար ձմեռային խաղեր, ցուցահանդես-տոնավաճառ, վարպետության դասեր և սառցե շոու էր կազմակերպվել: 815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Սահադաշտին կից այսուհետ նաև Վերնիսաժ կգործի, որի տաղավարներում, հուշանվերների վաճառքից բացի, կանցկացվեն տարատեսակ փառատոներ ու վարպետության դասեր, գրում է Sputnik Արմենիան։

«Ինչ սկսել է գործել սահադաշտը, այգում ակտիվություն է, գալիս են ահել ու ջահել՝ 3-63 տարեկանները: Շատ են հատկապես ռուս տուրիստները: Մեկ անգամ այցելողին հաջորդ օրն էլ կտեսնես: Լավ է` մենք էլ սահադաշտ ունեցանք, թե չէ մենք ինչո՞վ էինք պակաս»,- ասել հսկիչը Հովհաննես Մովսիսյանը:

Գյումրու Բարեկամության այգում Վերնիսաժի 25 տաղավարի ու սահադաշտի կառուցման գումարի մեծ մասը տրամադրել են Եվրամիությունն ու ԳԴՀ–ն, մյուս մասը՝ «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը վստահեցրել է, որ Բարեկամության այգին Գյումրիում զբոսաշրջության կատալիզատոր է լինելու և նոր շունչ է հաղորդելու Շիրակի մարզին։

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 12 մլն դոլար է։ Այգին հիսուն տոկոսով շահագործման պատրաստ կլինի այս տարվա աշնանը, իսկ զբոսայգու վերջնական բացումը նախատեսվում է 2024 թվականի ամռանը: