6 փետրվարի 2023 - 10:34 AMT
Հրդեհից մահացած 15 զինծառայողից 14-ի դին հայտնաբերվել է ննջարանի տարբեր հատվածներում

Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողից 14 դին հայտնաբերվել է ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մահացած մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում` ննջասենյակի մուտքի դիմաց: Այս մանրամասները Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` փրկարար ծառայության ներկայացուցիչ Արսեն Սարոյանի` Հանրայինի եթերում հնչեցրած վարկածը, թե բոլոր զինծառայողների դիերը մահճակալների վրա են եղել, ցուցմունքով հերքվել է։ Նա իր ցուցմունքում նշել է, որ ինքը դեպքի պահին դեպքի վայրում չի եղել, բանավոր հաղորդված տեղեկություններն էլ, որ զինվորները ննջասենյակում են հայտնաբերվել, այլ կերպ է ընկալել, հայտնում է Galatv.am-ը։

Դատախազությունը նաև ստուգում է մահացած զինծառայողների հարազատների պնդումները, թե կապիտան Եղիշե Հակոբյանի և զինվորների միջև լարված հարաբերություններ են եղել: Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի խոսքով` Եղիշեն այդ կացարանում չի ապրել, զինվորների հետ շատ շփվելու հնարավորություն չի ունեցել։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Նախաձեռնված վարույթի շրջանակում օրեր առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել էր զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն, մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը եւ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը. երկուսն էլ կալանավորված են: