6 փետրվարի 2023 - 10:50 AMT
Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա

Փետրվարի 6-7-ն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։ Նա հանդիպում կունենա ԳԴՀ արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակում Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի օրենսդիր մարմինների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։

Իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Գերմանիա և ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հարցերին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։