6 փետրվարի 2023 - 14:23 AMT
Սիրիայում երկրաշարժից զոհված հայերից մեկը նաև ՀՀ քաղաքացի է

Երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհված հայերից մեկը նաև ՀՀ քաղաքացի է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը՝ երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։

Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։

ԱԳՆ խոսնակը հավելել է, որ նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով վնասվել են նաև հայկական եկեղեցիներ։ Այդ մասին ասել է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը՝ հայտնելով, որ Իսքենդերունի շրջանում Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին է վնասվել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7․8 մագնիտուդով Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04։17-ին, Ղազիանթեփի մոտակայքում, որն ավելի քան 1 մլն բնակչություն ունի: Ավելի քան 500 մարդ է մահացել։ Զոհերից մեկն ազգությամբ հայ է։

Սիրիայի տարածքում ամենազգալի ցնցումները գրանցվել են Հալեպում, Իդլիբում և Լաթաքիայում։ Սիրիայում ևս ավերածություններ են եղել, մոտ 250 զոհի թվում կան նաև հայեր։ Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել՝ մայր և որդի, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է։