6 փետրվարի 2023 - 15:25 AMT
Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ է եղել 7․7 մագնիտուդով․ Ցնցումները զգացվել են նաև Երևանում

Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել 7․7 մագնիտուդով։ Այն տեղի է ունեցել տեղական ժամանակով 13։24-ին, իսկ 13։37-ին 5․9 մագնիտուդով հետցնցում է գրանցվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է ընդհանուր 912 զոհի մասին, գրում է «Վեդոմոստին»։

Թուրքիայում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակը, որը ենթադրում է նաև միջազգային օժանդակություն։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում 3 բալ, Գյումրիում` 3-4 բալ ուժգնությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել։

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7․8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04։17-ին, Ղազիանթեփի մոտակայքում, որն ավելի քան 1 մլն բնակչություն ունի: Զոհերից մեկն ազգությամբ հայ է։

Սիրիայի տարածքում ամենազգալի ցնցումները գրանցվել են Հալեպում, Իդլիբում և Լաթաքիայում։ Սիրիայում ևս ավերածություններ են եղել, մոտ 250 զոհի թվում կան նաև հայեր։ Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել՝ մայր և որդի, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է։

Photo. Getty Images