6 փետրվարի 2023 - 17:28 AMT
Երուսաղեմի հայոց պատրիարքը ՌԴ դեսպանին խնդրել է, որ Պուտինի անմիջական միջնորդությամբ բացվի Բերձորի միջանցքը

Երուսաղեմի հայոց պատրիարքը ՌԴ դեսպանին խնդրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։

«Փետրվարի 6-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը և հանդիպում ունեցել Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ։

Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրել է, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։