7 փետրվարի 2023 - 12:42 AMT
Դատախազ. Եթե Օհանյանը ստորագրի վաղեմության ժամկետի տակ, նրա դեմ պատիժ չի կիրառվի

Եթե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը դիմեր դատախազություն՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ միջնորդությամբ, ապա այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չէր հարուցվի։ Այդ մասին ԱԺ–ում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել, գրում է Sputnik Արմենիան։

Վարդապետյանը ներկայացրել է, թե ինչում է մեղադրվում Օհանյանը` հայտնելով, որ Օհանյանը, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել։

«Եթե Օհանյանը դիմեր, ապա վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր հարուցվի։ Սակայն քննությունը կշարունակեինք այլ անձանց վերաբերյալ։ Եթե Սեյրան Օհանյանն այս փուլում համաձայներ վաղեմության ժամկետի հարցով, ապա իմ` ԱԺ–ում լինելը կլիներ ժամանակավրեպ»,–ասել է Վարդապետյանը։

Նա հավելել է, որ անձը զրկված չէ որևէ փուլում նման միջնորդություն ներկայացնելու իրավունքից։ Իսկ նման դեպքերում կայացվում է դատավճիռ` առանց պատժի նշանակման։

Փետրվարի 6-ին Սեյրան Օհանյանը հայտարարություն էր տարածել` ասելով, որ իր և Չարչյանի դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել:

«Եթե ես և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, ապա այդ միջնորդությունները չէին լինի: Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ վրա, մենք հանցանք չենք գործել, ներկայացված որևէ գործարքում որևէ մեկի հետ հանցավոր համաձայնությունների մեջ չենք եղել: Շուտով հանրությունն էլ կհամոզվի դրանում»,–ասել էր նա։