7 փետրվարի 2023 - 14:00 AMT
Բաբայանը՝ Լավրովի հայտարարության մասին․ Ղարաբաղի 4900 քկմ-ն ո՞ւր է, կա փաստաթուղթ

Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանն ասել է, որ 1923թ․ քարտեզներով Արցախի տարածքը կազմել է 8000 քառակուսի կիլոմետր, հիմա մնացել է 3100 քառակուսի կիլոմետրը։ Բաբայանը հարց է ուղղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ ո՞ւր է այդ 4900 քառակուսի կմ տարածքը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրող Դմիտրի Կիսելյովին հարցազրույցում հայտարարել է, թե «ՀՀ-ն երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանը, իսկ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձրել է»։

Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը պատմական փաստերն է վկայակոչում՝ 1813-ին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ղարաբաղի տարածքներն անցել են Ռուսաստանին, եղել են մելիքություններ, որոնց տարածքը կազմել է 24,000 քառակուսի կիլոմետր, հայտնում է «Ազատությունը»։

Ըստ Բաբայանի՝ կայսրության փլուզումից և Սովետական միության ստեղծումից հետո, 1920 թվականի ապրիլին 21-րդ բանակը մտել է Ադրբեջանով, եկել Ղարաբաղի տակ կանգնել, ղարաբաղցիների հետ ստորագրել փաստաթուղթ՝ խոստանալով արցախցիներին, անկախություն, ինքնուրույնություն և նոր միայն արցախցիները թույլ են տվել, որ իրենց տարածքում տեղակայվեն զորքերը։

«Կա էդ փաստաթուղթը, եթե Լավրովը ծանոթ չի, կներկայացնենք, որ ծանոթանա․․․1921 թվին Կովկասի բյուրոյով որոշում են, Ղարաբաղը տալիս Ադրբեջանի մի մաս, 23 թվին փաստաթուղթ են ստորագրում՝ կազմել նրա քարտեզը։ Նոր քարտեզ են կազմում 8000 քառակուսի կիլոմետրը, կտանք և էդ փաստաթուղթը։ Հիմա Արցախը մնացել է 3100 քառակուսի կիլոմետր, հա, Լավրովին կհարցնեի՝ «բա էն 4900 ո՞ւր է, տեսնես տեղը ինքը գիտի՞, էդ որ ասում է՝ 7 շրջանը պիտի հանձնեինք, դա ճիշտ որոշում է», - ասել է Բաբայանը։

Նրա կարծիքով՝ լռելու փոխարեն Հայաստանը պետք է ամբողջ դիվանագիտական ջանքերը գործի դնի։

«Ասեց մարդը, լռեցինք։ Եթե դիվանագիտական մեր ամբողջ կորպուսը փաստաթղթերը դնեին, մեր արտգործնախարարը, որ գնում դեմ դիմաց նստում է, դնում է դեմը, ասում է՝ «մի հատ հասկացրու՝ ինչ ես ասում», - ասել է Բաբայանը՝ նշելով՝ Ռուսաստանն ուզում է, որ Թուրքիայի գործող նախագահը վերընտրվի և լծվել է դրան, Ադրբեջանին օգնելու գործին։

«Իրենց շահերին դեմ չեն գնում, իրենց հարցերը փորձում են լուծել, բայց 200 տարի է դուք մեր հաշվին ձեր խնդիրները լուծում եք, հիմա դրա համար, երբ ես ասում եմ ուղիղ բանակցություններ Բաքու-Ստեփանակերտ, այ հենց դրա մասին եմ խոսում, որ պետք է Ադրբեջանն էլ գիտակցի, որ էս սառեցրած վիճակը բերելու է հետո շատ լուջ պրոբլեմ՝ թե՛ մեզ համար, թե՛ իրենց համար, նորից ժողովուրդներն իրար կոտորելու են, գիտակցո՞ւմ են սա, թե ոչ, սա է խնդիրը», - եզրափակել է Բաբայանը։

Լավրովը նաև ասել է․ «Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի կայունացման համար, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնելու: Անցյալ տարվա սեպտեմբերին բռնությունների աճից հետո երկու կողմից այնտեղ մոտ 300 մարդ զոհվեց, մենք անմիջապես Հայաստանից հարցում ստացանք ու գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ-ը փորձագետների հատուկ առաքելությամբ գնաց սահման և բերեց ՀԱՊԿ-ի տեղակայման պլան Հայաստանի այն հատվածում, որը սահմանակից է Ադրբեջանին»։