7 փետրվարի 2023 - 15:44 AMT
Գլխավոր դատախազ․ Խաչատուրովի մասով քննություն ունենք անելու

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին միջնորդագրի քննարկման ժամանակ ասել է, որ Օհանյանի գործով քննություն պետք է իրականացվի ՀԱՊԿ նախկին քարտուղար, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիգորի Խաչատուրովի մասով։

Այդ մասին նա ասել է՝ արձագանքելով Վահագն Ալեքսանյանի հարցին, հայտնում է «Փաստինֆոն»։

Սեյրան Օհանյանին առնչվող գործերից մեկը վերաբերում է զորամասային և հատուկ նշանակության հողատարածքը օտարելուն։ Ըստ գլխավոր դատախազի՝ զորամասերից մեկը օտարվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն ձևակերպվել երրորդ անձի անունով։ Մասնավորապես, գլխավոր դատախազի պնդմամբ, Սեյրան Օհանյանը ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009-ի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր:

Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 252․8 քմ մակերեսով, զորանոց՝ 366․4 քմ մակերեսով, ճաշարան՝ 186՛9 քմ մակերեսով, 630․6 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկ, ակումբ, կաթսայատուն, սանհանգույց և հսկիչ անցագրային կետեր), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը: Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009-ի մայիսի 13-ին, այնուհետև՝ 2016-ի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ մոտ 18 մլնի չափով, և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:

Վարդապետյանը նշել է, որ տեղեկություն չունի, թե ուր է գնացել նշված գումարը և պետք է քննություն իրականացվի՝ Գրիգորի Խաչատուրովի մասով։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել ԱԺ։

Ընթերցեք նաև․ Դատախազ. Եթե Օհանյանը ստորագրի վաղեմության ժամկետի տակ, նրա դեմ պատիժ չի կիրառվի