7 փետրվարի 2023 - 16:20 AMT
Միրզոյան․ ՀՀ-ն նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բուրբոկի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից և աշխատում է տեքստի վրա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը։ Բայց, չնայած դրան, մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին և օրերս Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ։ Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Միրզոյանը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։