8 փետրվարի 2023 - 13:38 AMT
ՌԴ ԱԳՆ. ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու կարիք չկա

ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու կարիք չկա։

Նա հավելել է, որ հատուկ պետք է նշել` «ռուս խաղաղապահների գործունեությանը հավանություն են տալիս և Բաքվում, և Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության պայմաններում», գրում է ՌԻԱ Նովոստին։

Իլյիչովը նշել է, որ ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ զորակազմը:

«Զորակազմին ՄԱԿ մանդատ տալու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր խաղաղապահների գործունեության մոդալությունն արդեն իսկ հստակ ամրագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս հարցում վեճի մասնակիցների միջև կա կոնսենսուս, և այս փաստն այստեղ առանցքային է»,-ասել է Իլյիչովը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի ավարտին կարող է հաջորդել դիմումը ՄԱԿ ԱԽ-ին՝ տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու ծնդրանքով։ Փաշինյանն ասել էր նաև, որ ՌԴ-ն պետք է նախաձեռնի ռուսական խաղաղապահ առաքելությանը ՄԱԿ ԱԽ մանդատ տալու հարցը, կամ խաղաղապահների բազմազգ զորակազմ ներգրավելու հարցը։

Photo. AFP