Եվրամիության առաքելությունը Հայաստանում կմեկնարկի իր գործունեությունը փետրվարի 20-ին։ Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն։
Նա տեղեկացրել է, որ առաքելության կազմում 8 ժանդարմ կլինի Ֆրանսիայից, հայտնում է CivilNet-ը։
«Առաքելությունը կգործի փետրվարի 20-ից, և ես այդ օրը ներկա կլինեմ Հայաստանում։ Ես ողջունում եմ առաքելությանը Հայաստանի աջակցությունը և համագործակցությունը։ Այն կլինի մեր աչքերն ու ականջները տեղում, և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները: Ես կարող եմ միայն հուսալ, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ»,-ասել է նա։
ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։