Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 16,000-ը։Թուրքիայում զոհերի քանակը հասել է 12,873-ի, ևս 63,000 մարդ տուժել է։
Սիրիայում զոհվել է առնվազն 3162 մարդ։
Փլատակների տակ դեռ մարդիկ կան, իսկ աղետից տուժած շրջաններում օդի ջերմաստիճանը զրոյից ցածր է՝ ուստի ողջ մնացած մարդկանց գտնելու հույսերը նվազում են։
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում։
Թուրքիայում իշխանություններին քննադատում են՝ նշելով, որ իշխանությունների արձագանքն աղետին շատ դանդաղ էր և երկիրը պատրաստ չէր դրան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նման ավերիչ երկրաշարժին նախապատրաստվելն անհնար էր, գրում է BBC-ն։
Այնուամենայնիվ, Էրդողանը խոստովանել է «որոշ խնդիրների» առկայությունն ու ասել, որ իրավիճակը վերահսկելի է։
Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Ղըլիչդարօղլուն ասել է, որ «եթե կա մեկը, ով պատասխանատու է այս ամենի համար, ապա դա Էրդողանն է»։
Էրդողանն ասել է, որ հիմա միասնություն է պետք, ոչ թե փոխադարձ մեղադրանքներ։
Սիրիայում իրավիճակն էլ ավելի ծանր է։ Երկրաշարժց առաջ Թուրքիայի հետ սահմանին միայն մեկ անցակետ էր գործում՝ Բաբ էլ Հավան։ Այժմ այն փակ է, քանի որ անցակետ տանող ճանապարհները դա8ձել են անանցանելի։ ՄԱԿ-ում հուսով են, որ ճանապարհը հնարավոր կլինի արագ վերանորոգել։
Նշվում է, որ այդ երկրի նախագահ Բաշար Ասադին հարող շրջանակներն ասում են, որ Սիրիայի դեմ արևմտյան պատժամիջոցները սաստկացնում են աղետը՝ չկա տեխնիկա, չկան բուլդոզերներ, վերամբարձ կռունկներ։
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։