Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ»։
Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել ու դատապարտել է Մեքսիայի սենատի որոշումը և նշել, իբր դա հակասում է 1948-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային և ՄԻԵԴ-ի որոշումներին, գրում է Ermenihaber-ը։
Մինչդեռ Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթն ընդունելիս վկայակոչել է մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:
«Ցավալի է, որ Մեքսիկայի սենատի այս վտանգավոր որոշումը համընկավ այն բան հետ, որ Մեքսիկայից ժամանած խմբերի մասնակցությամբ երկրաշարժից տուժածների որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, և այն չի համընկնում Թուրքիա-Մեքսիկա բարեկամության հետ»,-ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Վերջում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Մեքսիկայի Սենատին կոչ է անում «շտկել այդ սխալ քայլը» և «պատմությունից թշնամանք չստեղծել»։
Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատն ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: Միաժամանակ, Սենատը հորդորել է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանն աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։