Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ստեփանյանը։
«Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար։
Քննարկել ենք շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ»,-ասվում է գրառման մեջ։
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում Les Républicains - LR կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամին այցելել է Սյունիք, Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։