Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Լաչինի արգելափակմանը, ասել է, թե միջանցքը փակած ադրբեջանցի «ցուցարարների պահանջները դեռ չեն բավարարվել»։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Բայրամովն ասել է, թե «եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանը երաշխավորվում է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհով, սակայն Հայաստանը չարաշահում է Լաչինի ճանապարհն՝ օգտագործելով ապօրինի տնտեսական գործունեության, հայ զինվորականների ռոտացիայի և ականների տեղափոխման համար»,-գրում է Interfax.az-ը։
Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի հեռանկարները։
Բայրամովը նաև «անհիմն է» անվանել տարածաշրջանում «լարված հումանիտար» իրավիճակի մասին պնդումները։
Սա Դոնֆրիդի և Բայրամովի երկրորդ հեռախոսազրույցն է վերջին շաբաթվա ընթացքում։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։