20 փետրվարի 2023 - 11:19 AMT
Վարդանյան․ Ունենք բավարար կամք ու համառություն՝ հասնելու մեր նպատակին

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ղարաբաղյան շարժման տարեդարձին նվիրված իր ուղերձում նշել է, որ 35 տարի առաջ այս օրը սկսվեց ղարաբաղյան շարժումը՝ հավելելով, որ եթե անգամ նպատակին հասնելու համար ևս 35 տարի պահանջվի, արցախցիներն ունեն բավարար կամք ու համառություն՝ մեր նպատակին հասնելու համար, ու դա ոչ ոք խլել չի կարող:

«Եթե չլիներ շարժումը, մենք կորցրած կլինեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Արցախի պահպանումն ու արցախյան առաջին պատերազմում հաղթանակի զգացողությունը մեզ մեծ ուժ ու վստահություն տվեց, քանի որ շատերի համար անհնարին թվացող այդ հաղթանակը մեզ հաջողվեց հնարավոր դարձնել: Շարժման շնորհիվ մենք հասկացանք, որ հայրենիք կորցնելու աղետը կարող ենք կանխել պայքարի միջոցով։

Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ազատ, անկախ, արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի համար, այն բանի համար, որ մեր գլխին չկախվի էթնիկ զտման ու հայրենիքից արտաքսվելու սպառնալիքը: Դրան ի պատասխան հարևան Ադրբեջանի կողմից ստացել ենք պատերազմներ, մարդկային կորուստներ ու բարդ փորձություններ, որոնք շարունակվում են այսօրվա շրջափակման ու մեզ պատճառված դժվարությունների տեսքով:

Բոլոր փորձություններով հանդերձ՝ Արցախը հայկական պահելու մեր կամքն անսասան է մնում: Բոլոր նրանք, ովքեր քննարկում են ու փորձում առանց մեզ վճռել Արցախի ճակատագիրը, այդպես էլ չեն հասկանում, որ մեր ճակատագիրը մենք մեր ձեռքն ենք վերցրել 35 տարի առաջ այս օրը: Մենք այդ որոշման համար վճարել ենք շատ թանկ գին: Մեր բազմաթիվ նվիրյալ հերոսներ իրենց կյանքն են տվել այս հողը հայկական պահելու համար, որովհետև նրանք հասկացել են Արցախի բացառիկ կարևորությունը հայոց պետականության և հայկական աշխարհի պահպանման համար:

Որպես պետնախարար իմ պաշտոնավարման այս 100 օրվա ու ծանր շրջափակման իրավիճակում ես ինքս տեսա Արցախի ժողովրդի անսովոր հզոր ուժը և հասկացա, որ այդ ուժը մենք ստանում ենք այն հողից, որի վրա ապրում ենք, որտեղ մեր ազգային ինքնության արմատներն են: Ես զգացի մեր արմատների խորությունն ու դրանից եկող այդ բացառիկ ուժը:

Ու ես հիմա վստահ ասում եմ, որ եթե անգամ մեր նպատակին հասնելու համար ևս 35 տարի պահանջվի, դա մեզ չպետք է կանգնեցնի, հիասթափեցնի, հեռացնի մեր նպատակից: Մենք ունենք բավարար կամք ու համառություն՝ մեր նպատակին հասնելու համար ու դա մեզնից ոչ ոք խլել չի կարող»,-ասվում է Վարդանյանի ուղերձում։

2023-ի փետրվարի 20-ին հայությունը նշում է Ղարաբաղյն շարժման 35-ամյակը։ 1988-ի փետրվարին, պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա: