Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի հետ բանակցություններում անցել են «առցանց դիվանագիտության»։
«Հիմա, եթե կարելի է այդպես ասել, այդ ոլորտում անցել ենք առցանց դիվանագիտության։ Մենք միմյանց ենք փոխանցում մեր առաջարկները»,-ասել է Բայրամովը, գրում է APA-ն։
Նա հավելել է, որ ժամանակը ցույց կտա, թե որքանով է դա արդյունավետ։
Բայրամովը նաև անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ հայկական կողմի համար անընդունելի է Լաչինի միջանցնքում անցակետ բացելու Ադրբեջանի առաջարկը՝ ասելով, թե «անցակետի տեղադրումը թույլ կտա նվազեցնել լարվածությունը»։
Ըստ Բայրամովի, եթե նման անցակետեր բացվեն, բոլորը կտեսնեն, որ «Լաչինի միջանցքով երթևեկությունն իրականացվում է ըստ եռակոմ հայտարարության», գրում է APA-ն։
«Կարծում եմ, այդպիսով այս ամբողջ լարվածությունը կվերանա։ Մեր բազմաթիվ միջազգային գործընկերների հետ աշխատանքային բանավեճերի ժամանակ մեր այդ առաջարկն ընկալվել է որպես առողջ և կառուցողական»,-ասել է Բայրամովը։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։