13 մարտի 2023 - 13:18 AMT
Ադրբեջանն առաջարկել է ԼՂ-ին հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել՝ «վերաինտեգրումը քննարկելու»

Ադրբեջանն առաջարկել է ԼՂ-ին հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել՝ «վերաինտեգրումը քննարկելու համար»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը:

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրավիրում է Ղարաբաղի հայ հասարակության ներկայացուցիչներին երկրորդ հանդիպման՝ շարունակելու համար վերաինտեգրման թեմայով շփումները, ինչպես նաև՝ քննարկելու Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Haqqin.az-ը։

Առաջարկվել է հանդիպումն անցկացնել մոտ օրերս Բաքվում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մարտի 10-ի երեկոյան կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հայտարարե, էր, որ Ադրբեջանը փոխանցել է՝ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրներին լուծում չի լինելու։ «Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու»,-ասել էր նա։