14 մարտի 2023 - 14:14 AMT
Վարչապետ. ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խնդիրներ կան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել է, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խնդիրներ կան։ Նա հավելել է, որ խոսել է այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։

«Փոխանցել եմ իմ տեղեկությունները, իմ տպավորությունը, ընդգծել եմ, որ իմ կարծիքով՝ խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում:

Ամենակարևոր խնդիրն այս համատեքստում այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց տեղի է ունեցել ԼՂ բնակիչների բողոքի ակցիա։ Դա տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների սպանությունից հետո։ Ես ուզում եմ ընդգծել, որ դա նույնպես տեղի է ունեցել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իր մտահգությունները փոխանցել է ՌԴ նախագահին։

Փաշինյանը չի պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է պատասխանել իրեն ՌԴ նախագահը՝ դա կոռեկտ չհամարելով։

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։

Photo. AFP