15 մարտի 2023 - 15:20 AMT
Իսրայելի Հայֆայում ուզում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնել․ Թուրքիան հակազդում է

Իսրայելի Հայֆա քաղաքի իշխանությունները որոշել են քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրել: Այդ մասին հայտնել է թուրքական OdaTV ընդդիմադիր լրատվամիջոցը՝ հղում անելով իսրայելական Ynet կայքում հրապարակված Ռաֆայել Սադիի հոդվածին:

Հոդվածի հեղինակն անհանգստություն է հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ քաղաքային իշխանությունների այդօրինակ որոշումը կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ նոր-նոր կարգավորված թուրք-իսրայելական հարաբերություններում, գրում է Ermenihaber-ը։

Սադին տեղեկացրել է նաև, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պաշտոնական նամակ է գրել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարին՝ խնդրելով օգնել հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը կանխելու հարցում: Զոհարը նամակը փոխանցել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն, որտեղ էլ խորհրդակցություններ են անցկացվել այդ թեմայով։

Սադիի կարծիքով, սակայն, այս օրերին Հայֆա քաղաքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին այդ քաղաքի ղեկավարությունը կարող է չանսալ հուշարձանը տեղադրումը չեղարկելու վերաբերյալ կառավարության պահանջներին: Նշվում է, որ դա հավանական է՝ հաշվի առնելով Իսրայելում ՏԻՄ մարմինների ունեցած լայն ինքնավարությունը:

Ըստ հոդվածագրի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձանը տեղադրելու նախաձեռնության հեղինակը Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) մի քանի անգամ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ անհաջող նախաձեռնություններով հանդես եկած «Մերեց» կուսակցության նախկին պատգամավորներից մեկն է:

Իսրայելի խորհրդարանում պարբերաբար օրինագիծ է ներկայացվում Հայոց ցեղասպանության ճանաչման և ապրիլի 24-ը հիշատակի օր հայտարարելու մասին, սակայն Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։