16 մարտի 2023 - 13:21 AMT
Վարչապետ․ Եթե բարեկամ ՌԴ-ն չի կարող իր գործառույթը ԼՂ-ում լիարժեք կատարել, պետք է դիմի ՄԱԿ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ԼՂ-ում խորացող ճգնաժամին և ահազանգելով ԼՂ ժողովրդին սպառնացող էթնիկ զտումների ցեղասպանության վտանգի մասին, ասել է, որ ԼՂ ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը Պաշտպանության բանակը չէ՝ այդպիսի մեխանիզմ է նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։

Նա մեջբերումներ է արել ԼՂ վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիի Պուտինի՝ ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակից, ինչպես նաև ՌԴ Դաշնային խորհրդի 2020-ի նոյեմբերի 18 որոշումից։ Նա հավելել է, որ ՌԴ-ն այդպիսով պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորի դերակատարումը։

«Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն իր գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ ու դաշնակից Ռուսաստանը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների ու քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի մասին և դա թույլ չտալու համար ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանզիմներ գործարկելու անհրաժեշտության մասին», - ասել է վարչապետը։

Նա ընդգծել է՝ որևէ կանխավարկած չունի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ։

«Պարզապես վերջին ավելի քան երկու տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես, օրինակ, Խծաբերդի, Հին թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանների ու քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, բնակչությանն ահաբեկելուն ուղղված գործողությունները անհանգստացնում են: Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել ՌԴ խաղաղապահ զորախմբի առաձնահատուկ դերը, վաստակն այն բանում, որ ԼՂ-ում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել»,-ասել է Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով խաղաղապահներին այդ նպատակին ուղղված ջանքերի համար։

Անդրադառնալով մարտի 5-ին՚ ԼՂ ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն Ադրբեջանի կողմից՝ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի իրականացրած սպանությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում է. խախտվել է ոչ միայն հրադադարը, շփման գիծը, այլև Լաչինի միջանցքի 5 կմ-ոց անվտանգության գոտին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։