22 ապրիլի 2009 - 21:13 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը չպետք է համարել հակաթուրքական քաղաքականության դրսեւորում
ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը կփոխի իրավիճակը հայ-թուրքական հարաբերություններում եւ դրական ազդեցություն կունենա Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Այդ մասին «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմանի հարաբերություններու՞մ, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուսատակամուրջի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: «Չնայած պաշտոնական Անկարայի հայտարարություններին այն մասին, որ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է ընդհատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված գործընթացը, ինձ թվում է, որ դա կնպաստի տարածաշրջանում վստահության մակարդակի բարձրացմանը»,- նկատել է հայ խորհրդարանականը:

Ռուստամյանի կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը չպետք է համարել հակաթուրքական քաղաքականության դրսեւորում: «Թուրքիայում մինչեւ հիմա կարծում են, որ այս գործընթացն առաջին հերթին ուղղված է թուրք ազգի դեմ: Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է ապագայում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու նպատակով»,- հայտարարել է Արմեն Ռուստամյանը:

Իր հերթին Երեւանում Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական հարց է: «Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության մաս է: Երբ աշխարհի երկրները ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը, նրանք հարգանքի տուրք են մատուցում այն մարդկանց հիշատակին, ովքեր Ցեղասպանությունից հետո մարդասիրական օգնություն են ցուցաբերել հայ փախստականներին: Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջին հերթին սեփական հիշողության հարգումն է»,- նշել է Դեմոյանը: