17 մարտի 2023 - 13:15 AMT
Ֆրանսիան կգործակցի ՀՀ ՆԳՆ հետ ոստիկանության, քաղպաշտպանության և միգրացիայի ոլորտներում

Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպմանը Ֆրանսիայի անունից պատրաստակամություն հայտնել աջակցել նախարարությանը։ Նա կարևորել է ոստիկանության, քաղպաշտպանության և միգրացիայի ոլորտներում գործակցությունը։

Հարավային Կովկասում ներքին անվտանգության տարածաշրջանային կցորդ Օլիվիե Լըֆեբվրը ներկայացրել է գործակցության նախատեսվող ծրագրերը, որոնք ընդգրկում են ներքին վերահսկողության, ոստիկանական գվարդիայի, ջրային պարեկային ծառայության, համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման, ընտանեկան բռնության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միգրացիայի և քաղաքացիության ոլորտները։

Ղազարյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական իրավապահ կառույցների մոտ 28 տարվա գործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։

Ներքին գործերի նախարարը նշել է, որ տարիների ընթացքում ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ կազմակերպվել են 100-ից ավելի միջոցառումներ՝ մոտ հազար ոստիկանի համար։

Ղազարյանն իր խոսքում ընդգծել է նաև ինտենսիվ աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանի և Ֆրանսիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև, իսկ միգրացիայի ոլորտում՝ սերտ համագործակցությունը Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի տարածաշրջանային ներկայացուցչության հետ։