20 մարտի 2023 - 11:48 AMT
ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին, ժամը 02:50-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին, ասել է, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։

«Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։ Կարծում եմ, այո, շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի հռետորաբանությունից է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կան նաև այլ տվյալներ։