20 մարտի 2023 - 12:42 AMT
ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով նոր ագրեսիա է պատրաստում

Հայաստանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` օկուպացված Թալիշից հնչեցված սպառնալիքներին, հայտարարել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության գնահատականը միանշանակ է. Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում:

«Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ալիևի մարտի 18-ի ելույթից:

«Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներից: 90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաև Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչություն ունեցող այլ բնակավայրեր:

Ադրբեջանի վերը նշված գործողություններն ուղիղ հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, համաձայն որի ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո:

Ապօրինի վերաբնակեցման քաղաքականությամբ և Լեռնային Ղարաբաղի հայությանն ահաբեկելու գործելակերպով պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է եռակողմ հայտարարության վերը հիշատակված դրույթի կատարումն անհնարին դարձնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար:

«2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են հայտարարություններ, համաձայն որոնց Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենա բացառապես այս հենքի վրա: Չնայած սրան, մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և երկար ժամանակ շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին:

Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում ՀՀ 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին, 2022թ. սեպտեմբերին ապօրինի բռնազավթած ինքնիշխան տարածքները, այլև ներմուծել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ տարածքը հայտարարում է ադրբեջանական հող:

Սա նշանակում է բացահայտ նկրտումների արտահայտում Հայաստանի Հանրապետության գործնականում ամբողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաև սպառնում է Հայաստանին, եթե վերջինս այդ նկրտումները չընդունի:

Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունած եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումով սկսած, հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց մինչև օրս ապօրինի անազատության մեջ պահելով շարունակած, և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը միջանցքային անհիմն խոսույթով խոչընդոտելով ավարտած:

Դեռ ավելին, Ադրբեջանի նախագահը խախտել է 2023 թվականի փետրվարի 18-ին իր իսկ կողմից բարձրաձայնած պարտավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայության հետ քննարկել նրանց իրավունքների և երաշխիքների հարցը:

Այդ հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթ անց Ադրբեջանը հայտարարեց, թե պատրաստվում է քննարկել «Ղարաբաղի հայության ինտեգրացիայի» հարցը, իսկ Թալիշում արած հայտարարությունները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, մարտի 5-ի ահաբեկչությունը վկայում են, որ Ադրբեջանի մտադրությունն է լուծել Լեռնային Ղարաբաղի հայության առնվազն ասիմիլյացիայի հարցը, և պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հայության ցեղասպանության ենթարկելու նախապատրաստությունների մասին Հայաստանի ահազանգերը չպետք է անտեսվեն միջազգային հանրության կողմից»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաւև, որ վերջին շրջանի խոսույթում Ադրբեջանը նոր մեղադրանք է գտել ՀՀ հասցեին՝ նրան մեղադրելով մոնոէթնիկ լինելու մեջ և փորձ անելով ստեղծել տպավորություն, թե, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը բազմաէթնիկ երկիր է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն 4 ազգային փոքրամասնությունները մանդատ ունեն երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության կազմում, իսկ իրեն բազմազգ համարող Ադրբեջանում որևէ նման կարգավորում չկա:

«ՀՀ արտաքին գործերի նախարարության գնահատականը միանշանակ է. Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում:

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ ՀՀ-ն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Թալիշում հայտարարել է, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ «Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա։

Ալիևը նաև ասել է, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի»։