20 մարտի 2023 - 13:32 AMT
Երևանի կոնյակի գործարանի «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ X-Drive ավտոդպրոցի հիմնական ուս.ծրագրում

Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է X-Drive ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում։

2022 թվականի մայիսին X-Drive ավտոդպրոցում անցկացվել են մի շարք դասընթացներ թե՛ գործնական, թե՛ տեսական ձևաչափերով, որոնք ուսանողներին ներկայացրել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու վտանգներն ու հետևանքները։ Երևանի կոնյակի գործարանի կողմից մշակված նյութերով «Խմե՞լ ես, մի՛ վարիր» դասընթացն այժմ ներառված է X-Drive հիմնական ուսուցման ծրագրում, որը հնարավորություն կընձեռի տարեկան մոտ 10,000 շրջանավարտի ճանաչել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու իրական վտանգները։

Այսպես՝ X-Drive ավտոդպրոցը հետևողականորեն անցկացնում է իր դասընթաց-վարժանքները թե Երևանում, թե Հայաստանի տարբեր մարզերում:

«Ցանկացած գաղափար արժևորում են նրա հետևորդները։ Դեռևս տասնյակ տարիներ առաջ Երևանի կոնյակի գործարանը դրեց ալկոհոլի պատասխանատու սպառման մշակույթի առաջին հիմնաքարը, և այսօր մեր ծրագրերը շատ ավելի բազմաչափ են և տարեցտարի ընդլայնում են շահառուների շրջանակը։ Դրա վառ ապացույցներից է X-Drive ավտոդպրոցի հետ մեր համագործակցությունը, որը նոր թափ հավաքեց մեր գործընկերների հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլիզա Մարմարյանը։

«Շատ ողջունելի և հիշարժան է հատկապես ալկոհոլ արտադրող աշխարհահռչակ ընկերության կողմից ղեկին սթափ նստելու քարոզարշավ կազմակերպելը: Մենք ուրախ ենք, որ լինելով Հայաստանի առաջատար ավտոդպրոցներից մեկը, մեր ներդրումն ենք ունենում այս անվտանգություն քարոզող նախագծում և լիահույս ենք, որ կարճ ժամանակ անց մեր համատեղ աշխատանքի արդյունքը նաև տեսանելի կլինի մեր երթևեկության մեջ»,- ընդգծել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնադիր տնօրեն Արտաշես Ստեփանյանը։

Լինելով ալկոհոլի պատասխանատու օգտագործման ջատագով՝ Երևանի կոնյակի գործարանը մշտապես նախաձեռնում է տարբեր կրթական դասընթացներ՝ ալկոհոլի օգտագործման և մեքենա վարելու անհամատեղելիության գաղափարը հանրության շրջանում տարածելու համար։

Համաձայն ընկերության Կայունության և պատասխանատվության հայեցակետի, Երևանի կոնյակի գործարանը շարունակում է տարբեր միջոցներով պայքարել հասարակության մեջ ալկոհոլի չարաշահման դեմ, այդ գործում ներգրավելով շահառու կողմերին, որոնց հետ համագործակցության արդյունքում կկարողանանք կյանքի կոչել իրական փոփոխություններ։