20 մարտի 2023 - 16:02 AMT
Միրզոյանը՝ Լավրովին․ Եռակողմ հայտարարությունում չկա մի կետ, որն Ադրբեջանը չի խախտել

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որը Բաքուն չի խախտել․ այն է՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտում, ՀՀ տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակում, հայ ռազմագերիների պահում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը խոչընդոտում։

«Ադրբեջանական կողմը տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերը»,- հայտարարել է Միրզոյանը, հայտնում է Factor.am-ը։

Այս համատեքստում նա նշել է Հայաստանի դաշնակիցների և գործընկերների ակտիվ քայլերի կարևորությունը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները և դադարեցնի ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի պրակտիկան։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում իրավիճակն ավելի է սրում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, որը դրսևորվում է ամենաբարձր մակարդակով և ադրբեջանական կողմի շարունակվող ռազմական սադրանքները ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, գրում է Regionmonitor-ը։

«Լաչինի միջանցքի արգելափակմամբ՝ Ադրբեջանը խախտում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները։ Լեռնային Ղարաբաղ էներգոռեսուրսների մատակարարման խափանումները հարցեր չեն թողնում պաշտոնական Բաքվի նպատակների մասին․ խոսքը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մասին է»,- հայտարարել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ այդ ֆոնին ավելի է ընդգծվում ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու իմպերատիվությունը և Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ խստորեն պահպանելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Միրզոյանը հիշատակել է նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Լավրովն ու Միրզոյանը Մոսկվայում կքննարկեն Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանուր առմամբ ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանն առնչվող հարցեր։ Զախարովան նշել է, որ քննարկվելու են նաև երկկողմ, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հետագա քայլերը։