21 մարտի 2023 - 16:05 AMT
Երկօրյա այցով ՀՀ կժամանի Իրանի ԱԳ փոխնախարարը

Երկօրյա այցով ՀՀ կժամանի Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քանին։ Այդ մասին նա հայտնել է Twtter-ի իր միկրոբլոգում։

«Նոր տարվա առաջին իսկ օրը մեկնարկեց դիվանագիտական համակարգի արագընթաց շարժով, որը կենտրոնացած է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթության վրա։ Երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան հայ պաշտոնակցիս հրավերով»,- ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նովրուզի կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում ականատես կլինենք Իրանի հետ երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը։