22 մարտի 2023 - 19:21 AMT
Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, հայտնում է Արմենպրեսը։

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում:

«Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ Լու Բոնոյի աշխատանքի միջոցով», - ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը՝ Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասներ չի կարող ներկայացնել:

«Սակայն, անշուշտ, մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ (խմբ.՝ շփումների ժամանակ) մենք պարբերաբար բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը», - նշել է դիվանագետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 20-ին հեռախոսազրույցում քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Պետքարտուղարը վերահաստատել է Լաչինն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը վերոնշյալ գործընթացին:

Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: