ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Այդ մասին նա ասել է Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում իր ելույթի ժամանակ։
«Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»,-ասել է նա, գրում է «Ազատությունը»։
«Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք [համաձայնագրի] տեքստի վրա»,- ասել է Բլինքենը։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատանը և այլն»։
«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյոք մենք կարող ենք օգնել նրանց՝ հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությունը», - ասել է Բլինքենը:
Միաժամանակ նա նշել է «Լաչինի միջանցքում իրական խնդիրները»։
«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք դրա վրա»,- ասել է պետքարտուղարը։
«Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին», - ասլել է Բլինքենը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։