23 մարտի 2023 - 12:07 AMT
Փաշինյան․ Թալիշում Բաքուն քանդում է հայերին պատկանող տները՝ ցուցադրելով հայերի իրավունքների «ապահովման» իր մոտեցումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստոււմ, անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և Թալիշից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին, նշել է, որ Թալիշում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնավոր ապացույց է։

Նա հավելել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում հայաթափված, էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանը քանդում է սեփականության իրավունքով հայերին պատկանող տները, ինչն ապօրինի է, փոխարենը տներ կառուցում ադրբեջանցիների համար։

«Հինավուրց հայկական կոթողներից Ադրբեջանը ջնջում է հայկական արձանագրությունները և հարցը համարում լուծված։ Այդպես Ադրբեջանը ցույց է տալիս հայերի իրավունքների «ապահովման» իր մոտեցումը»,-ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի այդ քայլերը հակասում են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, որի 7-րդ կետորվ պետք է ապահովվի ներքին տեղահանվածների վերադարձը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո։

Փաշինյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի այդ գործողություններին հետևել է ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի հայտարարությունը, ովքեր 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել ԼՂ և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի արժանապատիվ ու ապահով վերադարձը պատմական հողեր։

«Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ ուզում են հստակ նշել, որ այդ պահանջն արդարացի է, և ՀՀ կառավարությունը բոլոր միոջցները պետք է ձեռնարկի հայտարարության շահառուների իրավունքները պաշտպանելու համար»,-ասել է վարչապետը։

Նա նաև նշել է, որ Ալիևը Թալիշում բացահայտ, բառացի ասել է, թե ՀՀ-ն պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները, հակառկ դեպքում «ոչ մի խաղաղության պայմանգիր չի լինելու», սա բառացի մեջբերում է, ինչը այլ կերպ քան ագրեսիայի ակտ ՀՀ նկատմամաբ, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում դժվար է որակել։

Ալիևն օկուպացված Թալիշում հայտարարել է, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ Ալիևը նաև ասել է, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի»։

«Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա։