23 մարտի 2023 - 16:21 AMT
Զախարովան չի մեկնաբանել Բլինքենի խոսքերը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությանը, ասել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարԷնթոնի Բլինքենի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն չունի:

Զախարովան կարծում է, որ Արևմուտքի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը ինչ-որ կերպ չի դրսևորվում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Չէ՞ որ դա պետք է ինչ-որ դրսևորում ունենա, իսկ մենք պետք է տեսնենք այն հաջողությունները, որոնք բխել են նրանց գործողություններից։ Այստեղ պարզապես չկա նման բան։ Փաստերն ինչ-որ կերպ չեն խոսում նրանց կառուցողական դերի մասին։ Այդ հարցին մենք այսպես ենք վերաբերվում»,– ասել է նա։

Ըստ Զախարովայի՝ երբ Արևմուտքը հայտնվեց կարգավորման հարցում, անմիջապես խնդիրներ ի հայտ եկան:

«Անընդհատ հարցնում են ինչպես եք գնահատում Արևմուտքի ներգրավվածությունը կարգավորման հարցում։ Երբ Արևմուտքը հայտնվեց կարգավորման հարցում, անմիջապես ի հայտ եկան լայնածավալ խնդիրներ։ Արևմուտքի խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում մենք տեսնում ենք այլ մտադրություններ»,–ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Այդ մասին նա ասել է Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում իր ելույթի ժամանակ։

«Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»,-ասել է նա։