23 մարտի 2023 - 16:54 AMT
Միշուստին․ Ազգային արժույթների կիրառումը ԵԱՏՄ-ում կընդլայնվի՝ մոտեցումները համաձայնեցված են

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ներկայացնելով տարեկան զեկույցը Պետդումայում, հայտարարել է, որ նախատեսվում է ընդլայնել ազգային արժույթների կիրառումը ԵԱՏՄ շրջանակում և որ՝ մոտեցումները համաձայնեցված են։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ում զարգանում է անկախ ֆինանսական համակարգ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Համաձայնեցրել ենք մոտեցումներն ազգային արժույթների կիրառման ընդլայնման հարցում։ 2022-ին միայն ապրանքների մասով դրանց բաժինը կազմել է 85%, ինչը շատ լավ արդյունք է։ Նախատեսվում է շարունակել փոխադարձ հաշվարկներում դրանց կիրառման ընդլայնումը»,- ասել է Միշուստինը։

Նշելով, որ Մոսկվան կարևորում է ինտեգրումը ԵԱՄՏ շրջանակում, Միշուստինն ասել է, որ 2022-ին անդամ երկրների փոխադարձ առևտուրն աճել է 14 տոկոսով։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Վեդոմոստիին» տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ու Երևանն ամբողջությամբ հրաժարվել են դոլարով ու եվրոյով վճարումներից և փոխադարձ առևտուրն անում են ազգային արժույթներով։ Նա նշել էր, որ դրամը դեռևս ավելի գերադասելի է, քանի որ ավելի կայուն է։