23 մարտի 2023 - 18:39 AMT
Քաղաքապետարան․ Կասկադի հարակից տարածքում հատվում են անկենսունակ ծառերը

Երևանի քաղաքապետարանը, արձագանքելով Երևանի կենտրոնում ծառերի հատման առնչությամբ հանրության դժգոհություններին, հայտնել է, որ Կասկադի հարակից տարածքում հատվում են անկենսունակ ծառերը։

Նշվում է, որ հատված ծառերը փոխարինվելու են «առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով»։

«Հաշվի առնելով Երևանում մեկնարկած ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Կասկադի տարածքում է՝ հետևելու գործընթացին և պատասխանելու քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին:

Մարտի 23-ից մեկնարկել է երկար սպասված` կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով»,-ասվում է գրառման մեջ։

Սակայն հանրության շրջանում և սոցցանցերում մեծ դժգոհություն է բարձրացել, քանի որ հատվել են հաստաբուն ծառեր։ Օգտատերերից շատերը նշում են, որ հատված ծառերն արդեն բողբոջել էին։ Տնկվելու են 5 տարեկան տնկիներ։

Հատումներ են եղել նաև Սայաթ Նովայի և Կոմիտասի պողոտաներում։