24 մարտի 2023 - 11:01 AMT
Միրզոյան․ Հայկական կողմի առաջարկներից է սահմանազատման չափորոշիչների հստակեցումը, ապառազմականացված գոտու ստեղծումը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եգիպտական առաջատար AlQahera News լրատվամիջոցին տված հարցազրույցում, անդրադառնալով թեմային, թե ինչ հարցեր են քննարկվում ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շրջանակում, բանակցությունների 3 ուղղություն է նշել։

«Առկա են բանակցությունների առանձին ուղղություններ. առաջինը՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանային անվտանգությունը և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիրը:

Հաղորդակցությունների հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է բոլոր կոմունիկացիաների բացմանն այն պահին, երբ Ադրբեջանն ընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Սահմանազատման հետ կապված, ցավոք, 2022թ. համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ընդամենն ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլ նաև ևս մեկ ներխուժում իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան սահմանների՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով:

Անդրադառնալով պայմանագրին՝ պետք է նշեմ, որ որ սկսած 2022թ. դեկտեմբերից մենք փոխանակել ենք պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու ամար:

Այսպես, հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը, քանի որ մեր կարծիքով առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանների սահմանազատման վերաբերյալ հստակորեն համաձայնեցված չափորոշիչների երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են նրանք փոխադարձաբար ճանաչում, ինչն էլ խաղաղության հաստատման փոխարեն կհանգեցնի մեկ այլ բախման:

Հաջորդը, պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտնագության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը:

Անշուշտ, որպես կարևոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը:

Ցավոք, ի պատասխան մեր ջանքերի մենք ականատես ենք լինում ոչ միայն բանակցությունների ժամանակ Ադրբեջանի կողմից մերժողական և առավելապաշտական մոտեցմանը, այլ նաև ագրեսիվ գործողություններին: Վերջերս, մարտի 2-3-ին տեղի ունեցած հրադարարի խախտումներին հետևեց մարտի 5-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից նախապես ծրագրավորված դիվերսիոն հարձակում, որի հետևանքով սպանվեցին Լեռանային Ղարաբաղի ոստիականության երեք ծառայողներ: Այս գործողությունները հերթական անգամ ի ցույց են դնում կարգավորման գործընթացում Ադրբեջանի անկեղծության բացակայությունը, ինչպես նաև ուժի կիրառմանը շարունակական ապավինումը»,-ասել է նա։

Միրզոյանը հավելել է, որ այս գործողություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար hետ է կանգնում պայմանավորվածություններից, շարունակում ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև հրաժարվում լուծել հումանիտար խնդիրները, որոնցից է մինչ օրս իր իսկ կողմից հաստաված` 33 հայ ռազմագերիներին պատանդառության մեջ պահելը:

«Ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, և մենք տեղեկացրել ենք մեր գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին: 2020թ. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման ահագնացող սպառնալիքի առջև: Այս ամենը մարտահրավեր է նետում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին»,-նշել է նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, Բաքվի աճող ագրեսիվ հռետորաբանությանը, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող հարցերին, ասել է, որ ուզում է հետևյալ ուղերձը հղել բոլորին և միջազգային հանրությանը. խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա:

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 18-ին ունեցած ելույթում բացահայտ, բառացի ասել է, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա բառացի մեջբերում է Ադրբեջանի նախագահի խոսքից: