24 մարտի 2023 - 17:38 AMT
Նախարարը չի բացառել Ակադեմիական քաղաքի կառուցման փուլային տարբերակը՝ հավանաբար, արվեստի կլաստերից կսկսեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով Ակադեմիական քաղաքի կառուցման նախագծի մասին, ասել է, որ դա ինչ-որ գիտաֆանտաստիկ բան է թվում, բայց սա կոնկրետ նախագիծ է և հետևողական աշխատանք է տարվելու։

Նախարարը չի բացառել Ակադեմիական քաղաքի կառուցման փուլային տարբերակը, գրում է Sputnik Արմենիան։

«Մենք խոսում ենք շատ մեծ կառույցի մասին, որը ունենալու է 3 տարբեր կլաստերներով տեղակայվածություն։ Արվեստի կլաստերը լինելու է «Հայֆիլմի» տարածքում։ Տեխնոլոգիական կլաստերը տեղակայված է լինելու Աշտարակի մոտ` Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում»,–ասել է Անդրեասյանը։

Նրա խոսքով երրորդ կլաստերը բավականին մեծ է և կարող է ներառել կրթական, սպայական, հնարավոր է միջազգային բուհեր:

Անդրեասյանն ընդգծել է` շատ կարևոր է, թե ինչպես պետք է կառուցվի ակադեմիական քաղաքը, ինչ պայմանների պետք է բավարարի, ինչ ֆունկցիոնալ առանձնահատկություններ պետք է ունենա, որտեղ պետք է տեղակայված լինի։

Միաժամանակ նա հավելել է, որ կլաստերները ներառելու են ոչ միայն լսարաններ, հանրակացարաններ և սննդի կետեր, այլև, օրինակ, ժամանակակից համերգասրահներ, կինոթատրոններ և այլն։ Նախարարը վստահեցրեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը ևս կլուծվի։

«Ես հասկանում եմ, որ երբ խոսում ենք նման նախագծերի մասին, թվում է, թե ինչ-որ գիտաֆանտաստիկ բան է, բայց սա կոնկրետ նախագիծ է, և մենք հետևողականորեն աշխատելու ենք»,- ասել է նախարարը։

Ըստ Անդրեասյանի նախագծի ֆինանսավորման չափը պարզ կլինի նախագծումից հետո։ Դիտարկվում է մասնավոր հատվածի մասնակցության տարբերակը։ Նա չբացառեց ծրագրի փուլային իրականացումը այս համատեքստում նշելով, որ ամենայն հավանականությամբ գործընթացը կսկսվի արվեստի կլաստերից։

«Այս պահին քննարկում չկա, թե ակադեմիական քաղաքի կառուցումից հետո կոնկրետ ինչպես են օգտագործվելու գործող բուհերի շենքերը»,- եզրափակեց նա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50,000 մարդու համար։

Նա նշել է, որ կրթության զարգացման ծրագիրը, որն ի թիվս այլ բարեփոխումների ներառում է նաև բուհերի միավորումը, կմեկնարկի այս տարվա մայիսից։

«Սա չի նշանակում, որ մայիսին կսկսվի բուհերի միավորումը, գործընթացը երկար է տևելու»,- ճշգրտել է նա։

Անդրեասյանը հավելել է, որ կրթության զարգացման ծրագրով նախանշվել են մի քանի հստակ թիրախներ Հայաստանը պետք է ունենա պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ, մինչև 2030 թվականը այդ բուհերը պետք է ունենան շատ ուժեղ գիտահետազոտական բաղադրիչ։ Նրա խոսքով կան հստակ ժամկետներ և որոշումներ, որոնք չպետք է անտեսվեն:

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։

Ըստ ծրագրի, խոշոր դպրոցական կրթահամալիրների թիվը մինչև 2030թ–ը նախատեսվում է հասցնել 156-ի, ընդ որում դպրոցների տարրական դասարանների աշակերտները կօգտվեն դպրոցական սննդի ծրագրից։