24 մարտի 2023 - 19:05 AMT
Սեպտեմբերյան ագրեսիայից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։

«Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է վերանորոգման փուլում։ Աշխատանքները կատարվում են հնարավորինս արագացված՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ»,-ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած ենթակառուցվածքների թվում էր նաև ճոպանուղին, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։

2022-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։