25 մարտի 2023 - 16:10 AMT
Սարսանգի ՀԷԿ-ը գերծանրաբեռնված է․ Ջրամբարում ջրի մակարդակը մոտ է կրիտիկական նիշին

Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ՀԷԿ-ը հունվարի 9-ից գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: Սարսանգի ջրամբարում ջուրն անշեղորեն նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին, հայտնում է տեղի Հանրային հեռուստատեսությունը։

Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիա մատակարարող միակ հոսանքագծի վնասումից հետո և էներգետիկ ճգնաժամի պայմաններում Արցախը ստիպված էր ապավինել բացառապես ներքին ռեսուրսներին:

Ավելի վաղ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ադրբեջանցիների շրջափակման պատճառով ԱՀ-ում ստեղծված էներգետիկ ճգնաժամի և Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսներին, նշել է, որ ադրբեջանցիները պետք է հասկանան, որ իրենց իշխանությունների և ինքնակոչ կեղծ ակտիվիստների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չեն ունենա։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։