ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին»։
Մարտի 29-ին և 30-ին կայանալիք գագաթնաժողովը կանցնի առցանց ձևաչափով։
Գագաթնաժողովին հրավիրվել են աշխարհի 120 երկրի ղեկավարներ։ Հրավեր չեն ստացել Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն և Հյուսիսային Կորեան։
Նոր հրավիրված պետություններն են Բոսնիա և Հերցեգովինան, Լիխտենշտեյնը, Կոտ դ’Իվուարը, Գամբիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Տանզանիան և Հոնդուրասը։
Մարտի 29-ին Բայդենը, որին կմիանան Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը և Զամբիայի Հանրապետության նախագահ Հակաինդե Հիչիլեման, համաշխարհային առաջնորդներին միավորելու են վիրտուալ լիագումար նիստերի շուրջ։
2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցել է գագաթնաժողովին։ Վիրտուալ գագաթնաժողովը համարվում է Բայդենի արտաքին քաղաքականության առանցքային նախաձեռնություններից մեկը։