30 մարտի 2023 - 18:48 AMT
Լավրովը Չավուշօղլուի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա, իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Լավրոն ու Չավուշօղլուն կքննարկեն երկկողմ գործակցությունը, Ուկրաինան, Սիրիան և Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Լավրովը Թուրքիա կայցելի իր թուրք գործընկերոջ հրավերով։ Նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ գործակցության վիճակն ու հեռանկարներn այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ զբոսաշրջությունը, էներգետիկան, առևտուրը։ Կարծիքների հանգամանալից փոխանակում կլինի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ, այդ թվում Ուկրաինայում ընթացիկ իրավիճակի, սիրիական և Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ»,- ասել է նա։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։