31 մարտի 2023 - 10:56 AMT
Բաղրամյան պողոտայում կաղնիներ կտնկվեն

Երևանում ապրիլի սկզբից միատարրությունը պահպանած պողոտաներում և փողոցներում կիրականացվի նույնանուն ծառերով լրացում, հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

Բաղրամյան պողոտայից կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակները կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով։

Աշխատանքներն իրականացվում են «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։

Կասկադի հարակից տարածքում հատված ծառերի փոխարեն սակուրաներ են տնկվել։ Հանրության շրջանում և սոցցանցերում մեծ դժգոհություն էր բարձրացել, քանի որ հատվել են հաստաբուն ծառեր։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով Կասկադում ծառահատումների անհրաժեշտությանը, ասել է, որ այդ հատվածի բոլոր ծառատեսակները միանշանակ պետք է փոխարինվեն։