31 մարտի 2023 - 11:09 AMT
Խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են գրանցել Մարտունու շրջանում

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են գրանցել Մարտունու շրջանում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղով Մարտակերտում, Մարտունիում և Լաչինի միջանցքում։

Խաղաղապահները հումանիտար բեռով ավտոշարասյուներ են ուղեկցել Գորիս–Ստեփանակերտ երթուղով։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել էր։ Հունվարի 20-ին ադրբեջանական կողմը մասամբ բացել է գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը վերականգնվել է որոշակի սահմանափակումներով:

Photo. AFP