31 մարտի 2023 - 11:44 AMT
ՌԴ ԱԳՆ. Լաչինում անցակետ ստեղծելու հարց չի քննարկել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի տարածքում սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվել, հայտնում է Sputnik Արմենիան։

Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրում, ինչպես նաև Լաչինի միջանցքի սահմանին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 28-ին հայտարարեց, որ Լաչինում անցակետերի ստեղծում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ ընդգծելով, որ միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի եռակողմ հայտարարությանը, այսինքն ապահովվի քաղաքացիական հումանիտար բեռների և քաղանձանց տեղաշարժի ազատությունը։

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 30-ի նիստում, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին բարձունքներ գրավելու մասին, հայտարարել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշել էր, որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։