31 մարտի 2023 - 13:43 AMT
Ծեծկռտուք՝ ԱԺ-ում․ ՔՊ-ական Վարդանյանը վնասվածք է ստացել

Ազգային ժողովում միջադեպ է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջև։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Վարդանյանը մարմնական վնասվածք է ստացել։

«Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,- գրել է Կոնջորյանը։

Yerkir.am-ն իր հերթին գրում է․ «Վլադիմիր Վարդանյանը, ՔՊ-ում սովորություն դարձած գործելաոճին համաձայն, ձայնը բարձրացրել, իսկ այնուհետև ոտքի ցատկելով փորձել է հարձակվել իրեն սաստած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի վրա: Տեղի է ունեցել քաշքշուկ, որից հետո զարմանալի օպերատիվությամբ գործին միջամտել են իրավապահները և ԱԺ-ից բերման ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին»։

Ոստիկանությունից ասել են, որ այս պահին ասելիք չունեն. ավելի ուշ կմեկնաբանեն միջադեպը, հայտնում է Aysor.am-ը։

«Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը հայտնել է, որ Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։

Նրա վիճակը կայուն բավարար է, վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։