31 մարտի 2023 - 16:58 AMT
Օհանյան․ Գյուղացիներին մեն-մենակ ենք թողել ադրբեջանցիների հետ

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ իշխանությունները կամ ունակ չեն, կամ չեն ցանկանում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհաքաղաքական զագացումների համատեքստում, թե ինչ գործողություններ կարող են լինել մեր տարածաշրջանում՝ Արցախի և Հայաստանի շուրջ և որոշել առաջնահերթությունները:

«Ադրբեջանցիները, թիկունքում չունենալով բնակեցված որևէ ադրբեջանական բնակավայր, առաջ են գալիս, իսկ մենք, մեր հետևում ունենալով բնակավայրեր, սահմանային գյուղեր, գյուղացիներին մեն-մենակ ենք թողել ադրբեջանցիների հետ և ասում ենք՝ տապակվեք ձեր յուղի մեջ»,-ասել է Օհանյանը, գրում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ Ադրբեջանը հետևողականորեն սեղմում է օղակը և ՀՀ-ի, և Արցախի Հանրապետության շուրջ։

«Մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, որովհետև 44-օրյա պատերազմից հետո «խաղաղության դարաշրջան» հայտարարած երկու կողմը՝ Ադրբեջանը և Հայաստանը տեսնում են ադրբեջանական կողմից անընդհատ սադրանքներ և հարձակողական գործողություններ»,-ասել է Օհանյանը:

Նրա կարծիքով՝ դրանով Ադրբեջանը ձգտում է ստանալ Սյունիքով անցնող «միջանցքը» և հայաթափել Արցախը:

«Եթե մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ապա այն նշնակում է, որ մեր սահմանները, հողի յուրաքանչյուր թիզը, սանտիմետր, մետր հատվածը պետք է ուսումնասիրենք և կազմակեպենք պաշտպանությունը, որն առաջին հերթին բանակի խնդիրն է»,-հայտարարել է պաշտպանության նախկին նախարարը:

Նշելով, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե բանակի ստորաբաժանումները պետք է փոխարինեն ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներով՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ասել է, որ այդ քայլին կարող են գնալ այն երկու պետությունները, որոնք թշնամանքից հետո դարձել են հարևան և կա խաղաղություն կողմերի միջև:

«Եթե դու մի կողմից խաղաղության դարաշրջան ես հայտարարում և ասում, որ պատրաստ ես գնալ դրան, իսկ մյուս կողմից Ադրբեջանի վարքագիծը, հռետորաբանությունը, սադրանքները, կարելի է ասել՝ մարտական գործողությունները, անընդհատ հոգեբանական ճնշումներն են Հայաստանի վրա, ապա այն նշանակում է, որ մենք դեռ գտնվում ենք պատերազմական իրավիճակում: ԱԱԾ-ն իր սահմանապահ կարողություններով չի կարող պաշտպանություն կազմակերպել այսօր ՀՀ սահմաններում: Սա խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանություններն ապրում են մի կյանքով, որ կարծես թե Արցախի և Հայաստանի հետ ոչ մի բան չի եղել»,-ասել է Օհանյանը:

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 30-ի նիստում, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին բարձունքներ գրավելու մասին, հայտարարել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշել էր, որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։